2021-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է կոնգոյացի իրավապաշտպան Ջուլիեն Լուսենգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը երեկ շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:

IDeA հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ Լուսենգեն խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին և համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

2021 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

«Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման և ռիսկերի հանդիպելիս»,- նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

«Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:

«Ավրորա»-ն համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորա»-ն, բառացիորեն փոխում է աշխարհը», – հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1 միլիոն դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020-ի պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորա»-ն կառաջարկի նրան մրցանակի 25 տոկոսն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորա»-ի համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500 հազար դոլարի: Բացի այդ, Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց և նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ։

«Ավրորա»-ի ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահն է վիրաբույժ, մարդասեր և 2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երևան, Հայաստան):

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021) և այլ հանրահայտ հեղինակավոր գործիչներ:

Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Առաջին համանախագահն էր Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելը (1928-2016 թթ.):

Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button