Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Ալիև

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե երեկ սահմանին արձանագրված բախումների հետևանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ ավելի շատ զոհ է ունեցել։ «Ես պաշտպանության նախարարից տեղեկություններ եմ ստացել, որ հայկական կողմում 6-8 զինվոր է զոհվել», – այսօր հայտարարել է Ալիևը՝ կատարվածի համար կրկին մեղադրելով հայկական կողմին։

«Դա հայկական կողմից սադրանքի առաջին փորձը չէ, ցավոք, նախկինում մեր կողմից ձեռնարկված բոլոր պատասխան քայլերը առայժմ դաս չեն եղել Հայաստանի համար, և երեկվա դեպքն էլ բացառություն չէր», – ասել է Իլհամ Ալիևը՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

«Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե Հայաստանի գործընկերներից ում են հատկապես ուղղված այս խոսքերը։

Փոխարենը՝ նա պնդել է, թե Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Որպես բանակի կատարելագործման միջոց՝ Ալիևը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը, պնդելով, թե դրանք «լավագույնս են իրենց դրսևորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը քանիցս հայտարարել էր, թե հակամարտությունն այլևս լուծվել է՝ վերջին պատերազմով, և հիմա ժամանակն է՝ առաջ նայել։

Միջնորդական խմբի երեք գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն, և անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար։

Ի պատասխան «Ազատության» հարցման՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից կտրականապես հերքեցին Ալիևի պնդումները և վերահաստատեցին, որ հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։

Երեկ օրվա երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից երեք, ադրբեջանական կողմից՝ մեկ զինծառայող է զոհվել, կան նաև վիրավորներ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, միևնույն ժամանակ նշելով, որ «իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button