Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև հայ-հնդկական հարաբերությունների մասին է զրուցել։
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։ 2021-ի հոկտեմբերին Հնդկաստանի արտգործնախարարն էր Հայաստանում։ Ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար։