ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը: Ըստ ՄԻԵԴ-ի կայքում հրապարակված վճռի՝ Եվրադատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության՝ գործը վերաբերում է նրան, որ ադրբեջանական ուժերը ձերբակալել են Արթուր Բադալյանին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և 22 ամիս պահել են անազատության մեջ։

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն Բադալյանի պահման վայրի, կալանքի պայմանների և ընտրված կարգի մասին կալանքի տակ գտնվելու ամբողջ ընթացքում:

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն այն մասին, որ դիմումատուի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ են եկել կալանքից ազատվելուց անմիջապես հետո, որևէ կերպ կապված չեն կալանքի պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանը ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)՝ Բադալյանը պնդել է, որ իր ձերբակալումը եղել է անօրինական։ Նա մասնավորապես պնդել է, որ որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե ռազմագերի պետք է անմիջապես ազատ արձակվեր կամ իրեն հասկանալի լեզվով անմիջապես տեղեկացվեր կալանքի պատճառների մասին, տարվեր դատավորի մոտ և հնարավորություն տրվեր վիճարկել կալանավորման որոշումը։

Հայաստանի Հանրապետությունը, հանդես գալով որպես երրորդ կողմ և ներկայացնելով իր դիրքորոշումը, պնդել էր, որ տեղի է ունեցել դիմումատուի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով։

«Եվրոպական դատարանը, համաձայնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված դիրքորոշման հետ, նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չի ներկայացրել ապացուցելու դիմումատուի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չեն բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում դիմումատուի գործի վրա, և պատասխանող Կառավարությունը չի պնդել, որ նրա կալանավորումը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ դիմումատուին տրամադրվել է որևէ ընթացակարգային երաշխիք», — ասված է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button