Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանում. ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է», այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով AzTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

«Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։

Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը», — ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Ադրբեջանի նախագահը «հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից»։

«Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։

Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են», — ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Ադրբեջանը, ըստ ԱԳՆ-ի, շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, «ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ»։

Ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով, հայտարարել է Արտգործնախարարությունը՝ ընդգծելով. «Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button