Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և ստանալու փաստով քննված ևս մեկ քրգործի նախաքննություն

Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Երևան քաղաքի բնակիչ Գ. Նավոյանը կաշառք է տվել իր ծանոթ Ա. Գրիգորյանին:

Մասնավորապես, «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը հունիսի 18-ին բժշկական օգնություն ստանալու պատրվակով իր ծանոթ բուժքույր Ա. Գրիգորյանին հրավիրել է իր բնակարան, որտեղ վերջինիս առաջարկել է 40.000 դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ա. Գրիգորյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և Գ. Նավոյանից ստացել վերը նշված գումարը:

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալուց հետո` նույն օրը, Ա. Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն և տվել հանցագործության մասին հաղորդում` ներկայացնելով կաշառքի առարկա 40.000 դրամը:

Ընտրողին կաշառք տալու համար Գ. Նավոյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Գրիգորյանին ևս մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button