Պատգամավորական մանդատից հրաժարված Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կզբաղեցնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկությունը այս փուլում նրա մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը չի հերքում, բայց չի էլ հաստատում։ Ասում է՝ մինչև օգոստոսի 2 -ը վաղ է այս մասին խոսելը։
«Այս պահին մինչև ամսի 2-ը պարոն Միրզոյանը ԱԺ նախագահի իր լիազորություններն է իրականացնելու, իսկ դրանից հետո վարչապետը կարող է որոշում կայացնել, այդ պաշտոնում իրեն նշանակել, թե չէ կամ այլ առաջարկ անել», – նշեց Կոստանյանը:
«Ընթացիկ քաղաքական կոնսուլտացիաները չեմ կարող մեկնաբանել», – Կոստանյանը այսպես արձագանքեց լուրերին, որ Արարատ Միրզոյանին առաջարկվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է։
Հետընտրական առաջին քաղաքական նշանակումը, հիշեցնենք, հենց այս գերատեսչությունում էր։ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվեց հուլիսի 14 -ին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը ներկայումս թափուր է։