Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ», – ասված է հայկական ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում
Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը. «Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։