«Ադրբեջանի բանակը Հայաստանի տարածք մուտք չի գործել», նախօրեին Դաշքեսանի շրջան կատարած այցի ընթացքում, Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված մեկ ժամանոց հարցազրույցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, որ համաձայն չէ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, որն իր տարածաշրջանային այցի ընթացքում լարվածության կիզակետում հայտնված սահմանային տարածքներին «վիճելի» որակումն էր տվել։
«Ես փորձեցի նրան բացատրել, որ մենք դուրս ենք եկել մեր սահմաններ։ Ինչո՞ւ ենք դա արել միայն մայիսին, որովհետև ձնհալը միայն այդ ժամանակ էր ավարտվել և դրանից հետո մենք վերցրել ենք անհրաժեշտ բարձունքները և տեղակայվել, ամրապնդվել այնտեղ։ Այդ ամրապնդումը շարունակվելու է», – հայտարարել է Ալիևը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին՝ Ալիևը պնդել է, որ «նման տարածքային միավոր այլևս գոյություն չունի և դրա կարգավիճակի հարցը քննարկման ենթակա չէ»։
«Այս պահին Ղարաբաղում 25 հազար հայ է մնացել։ Ի՞նչ տրամաբանությամբ մենք պետք է 25 հազար հոգուն կարգավիճակ շնորհենք», – պնդել է Ադրբեջանի նախագահը։
Խոսելով հաղորդակցության ուղիների վերաբացման մասին՝ Իլհամ Ալիևը կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը՝ պնդելով, թե դրա ստեղծմանը կողմ են նաև Ռուսաստանի իշխանությունները։
«Ես Ռուսաստանի նախագահի հետ քննարկել եմ հետպատերազմական իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցերը։ Մեր մոտեցումներում տարաձայնություններ չկան՝ պատերազմն ու հակամարտությունը ավարտվել են։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում անկեղծ չէ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս խնդրի շուրջ փորձում է ինչ-որ խաղ տանել», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։