«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով բնակարան է ձեռք բերել շուրջ 6 հազար ընտանիք. ԿԳՄՍՆ

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6 հազար 63 ընտանիք, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։

Ըստ նախարարության՝ ծրագրին դիմողների թիվը զգալիորեն աճել է հատկապես 2018-2019 թվականներին՝ նշելով՝ նպաստող հանգամանքներից են եղել այդ տարիներին ծրագրի կարգում կատարված փոփոխությունները և լրացումները, մասնավորապես, երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարեկան՝ առանց տղամարդու և կնոջ տարիքային որևէ շեմի սահմանմամբ:

Ինչպես ԿԳՄՍՆ-ն է նշում՝ 2019-ին Երևանում բնակարան է ձեռք բերել 499 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 697: 2020-ին կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ թիվը նվազել է․ Երևանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269:

Ըստ նախարարության՝ ծրագրի շահառու դառնալու համար վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները պետք է նախ դիմեն առևտրային բանկ:

Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5), հայտնում է ԿԳՄՍՆ-ն՝ շեշտելով՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

«2021-2024 թվականներին միջնաժամկետ ծախսային ծրագրերով պետության կողմից սուբսիդավորման չափը շարունակաբար աճելու է: Այս տարվա համար նախատեսված է 1 մլրդ 300 մլն դրամ, 2022 թվականին կհատկացվի 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 78 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 2 մրդ 425 մլն 200 հազար դրամ», — ասված է նախարարության հաղորդագրությունում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button