Նախարարը չի բացառում, որ Հայաստանում շրջանառվում է նաև կորոնովիրուսի «դելտա» շտամը

Loading...

Աշնան առաջին կեսին կա կորոնովիրուսի նոր ալիքի գալու վտանգ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ չբացառելով, որ Հայաստանում շրջանառվում է նաև աշխարհում արագ տարածվող կորոնովիրուսի «դելտա» շտամը։

«Նշեմ, որ այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ չունենք դեռ, բայց միանշանակ Հայաստանում էլ շրջանառվում է, ինչո՞ւ, որովհետև մենք ունենք բաց սահմաններ՝ օդային և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ և հայտնաբերված են, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամսնություն է կազմում», — ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվածների թիվն անցել է 150 հազարը։ Պատվաստվողների թիվը մեծացնելու համար նոր խրախուսական ծրագրեր են մշակվել։ «Նոր գործիքակազմ ենք մտածել, ուշադրությունն ավելի մշակույթ ենք ուղղել, և շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր, որովհետև կարծում ենք, որ հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական էսպիսի միջոցառումներ տեղի ունենան», — ասաց նախարարը։

Հարցին՝ կարո՞ղ է հստակեցնել, թե Հայաստանում պատվաստվածներից քանի՞սն են օտարերկրացիներ, քանի՞սը՝ Հայաստանի քաղաքացիներ, Ավանեսյանը պատասխանեց․ — «Ո՛չ, այսօր չեմ կարող էդպես նշել։ Վարչապետի հանձնարարականով հիմա առանձին հաշվարկ է արվում և ամեն ամսվա վերջ մենք կներկայացնենք»։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով, բուժվածներինը՝ 106-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք։

Այժմ Հայաստանում անվճար և կամավոր երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը»։ Առողջապահության նախարարությունը այս պահին բանակցություններ է վարում՝ նոր պատվաստանյութեր ներկրելու համար․ աշնանը Հայաստան կբերվի ամերիկյան Johnson & Johnson, ինչպես նաև Novavax-ի արտադրության փոքր խմբաքանակով պատվաստանյութեր։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button