Լիբանանի նախագահ Միշել Աունը այսօր հանդիպել է երկրի նախկին վարչապետ, գործարար Նաջիբ Միկատիի հետ։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Միկատին երկրի կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուն է։
Reuters-ի տեղեկություններով՝ երկրում գործող մի շարք քաղաքական ուժեր պատրաստ են աջակցել Միկատիի նշանակմանը վարչապետի պաշտոնում։ Դրանց թվում է նաև նախկին վարչապետ, երկրի սուննի համայնքը ներկայացնող ամենաազդեցիկ գործիչ Սաադ Հարիրի ղեկավարած «Ալ Մուստակբալ» շարժումը։
Ռուսական TACC գործակալությունը, վկայակոչելով Լիբանանի նախագահի նստավայրում իր աղբյուրները, պնդում է, որ Միկատին Լիբանանի 128 տեղանոց խորհրդարանի անդամներից առնվազն 70-ի աջակցությունը ստանալու իրական շանսեր ունի։ Նրա թեկնածության օգտին են հակված նաև «Հեզբոլա» շարժման ներկայացուցիչները, պնդում է գործակալությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միկատիի օգտին պատրաստ են քվեարկել նախագահ Աունին աջակցող «Ուժեղ Լիբանան» դաշինքի հայազգի պատգամավորները։ Նրանց այս որոշման պատճառով, ըստ ռուսական գործակալության, քաղաքական այս ուժը հայտնվել է պառակտման եզրին։
Նաջիբ Միկատին 66 տարեկան է, վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2005 և 2011-ից 2014 թվականներին։