Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման», – ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: