Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:
«Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ», – Ֆեյսբուքում գրել է օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իր աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստացնում ահազանգեր Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների կրակոցների մասին, որոնք ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նշել է, որ «ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել»:
Օմբուդսմենը հայտնում է, որ այս հրատապ հաղորդագրությունը կուղարկի միջազգային մարմիններին` նշելով Հայաստանի գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:
Ավելի ուշ Թաթոյանը գրել է. – «Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին՝ 1) հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, 2) ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, 3) ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»: