Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարին և Ֆիլիպ Ռիքերին ներկայացրել է ստեղծված իրավիճակը

Արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ, ըստ ԱԳՆ-ի, քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։

«Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը», – նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարն ընդգծել են անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը ևս շեշտոլ է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը:

Ֆիլիպ Ռիքերի հետ զրույցում ընդգծվել է, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո:

Զրույցների ընթացքում նաև կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button