Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում մասնավորապես ասված է․ – «Միացյալ Նահանգները դատապարտում է իրավիճակի վերջին սրացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ»:
«Շարունակվող լարվածությունը հայ – ադրբեջանական սահմանի երկայնքով ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ լուծումը, որը կանդրադառնա բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին խաղաղ ապրել», – ընդգծում է պաշտոնական Վաշինգտոնը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին «հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»:
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։