Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է հրատապ նիստ գումարել՝ քննարկելու սահմաններին տիրող իրավիճակը։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը պահանջեց հրավիրել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին։
Անհրաժեշտության դեպքում Զոհրաբյանը կողմ է նաև փակ ֆորմատով քննարկումներին։
«Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետոյի իրավիճակը, երբ որևէ մեկը, ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ և թուրք-անդրբեջանական տանդեմին, որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին։ Իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով համախմբվելու ժամանակն է։ Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները, հրավիրենք այս նիստից հետո հրատապ նիստ, քննարկենք այդ կարևոր հարցը, իսկ հայհոյանքի քրեականացումը, կարծում եմ, դեռ կհասցնեք», – հայտարարեց Զոհրաբյանը։
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։
Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։ Այսօր առավոտյան էլ նախարարությունը հաղորդեց գիշերը Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձերը կասեցնելու մասին։