Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, հաղորդում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ): Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն դոլարի: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի 3 քաղաքացի:
«Հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ», – ասված է հաղորդագրությունում:
ՊԵԿ-ում որոշում է կայացվել «իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում»: Կայացված որոշման մասին անհապաղ տեղեկացվել է Հայաստանի գլխավոր դատախազը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ:
«Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում: Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:
2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել օգտագործված ապրանքը: Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ: Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ», -մանրամասներ է փոխանցում ՊԵԿ-ը:
Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն դոլարի, նաև ասված է հաղորդագրությունում: