Հայաստանի արտգործնախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց վերջին հայտարարության մեջ։
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության` համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։
«Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։
Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը», – հայտարարում է Արտաքին գործերի նախարարությունը։
Համանախագահները կոչ էին արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները, հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: