Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ոստիկանության և դրա երկու ղեկավարների նկատմամբ:
Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այդ որոշումն է ընդունել այն բանից հետո, երբ Կուբայի ոստիկանությունը բիրտ ուժի է դիմել և ծեծի է ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին:
Բայդենը հանդիպել է Միացյալ Նահանգներում բնակվող կուբացիներին և հավաստիացրել է, որ Վաշինգթոնը կշարունակի ճնշում գործադրել Հավանայի ռեժիմի նկատմամբ:
«Ես ուզղում եմ, որ կուբացի ամերիկացիներն իմանան, որ մենք տեսնում ենք ձեր ցավը, լսում ենք ձեր ձայնը, զգում ենք ձեր ազատության կարոտը: Միացյալ Նահանգները հստակ միջոցներ կձեռնարկի Կուբայի ժողովրդի արդար պահանջն առաջ տանելու համար»,- ասել է Բայդենը:
Կուբայում վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ակցիաներ երկրում սոցիալական կացության կտրուկ վատթարացման կապակցությամբ:
Կուբայում նկատելի է պարենի և կենսական նշանակության այլ ապրանքի պակաս: Նախագահ Միգուել-Դիաս Կանելի կոմունիստական վարչակարգը պնդում է, թե բողոքները Միացյալ Նահանգներն է կազմակերպել: Հարևան մի շարք երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկում Կուբա: