Միացյալ Նահանգներում օգոստոսի 1-ին սպառվում է անվճարունակ վարձակալներին տներից դուրս հանելու արգելքը, որը ժամանակավոր սահմանվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:
Դա նշանակում է, որ միլիոնավոր ամերիկացիներ կարող են զրկվել կացարաններից և հայտնվել փողոցներում, ինչն անխուսափելիորեն կառաջացնի սոցիալական և քաղաքական ճգնաժամ:
Նախագահ Ջո Բայդենն օրերս հայտարարել է, թե իր վարչակազմը մտադիր չէ երկարաձգել անվճարունակներին դուրս հանելու արգելքի ժամկետը, որն ուժի մեջ է ավելի քան մեկ տարի: Սպիտակ տունը հայտարարել է, որ օրենքի տեսակետից պարզապես չունի նմանօրինակ արգելքներ միակողմանի երարաձգելու իրավունք: Այդ հարցում տարաձայնություններ կան ոչ միայն դեմոկրատականների և հանրապետականների միջև, այլև հենց դեմոկրատականների շարքերում:
Ավելի քան 15 միլիոն ամերիկացիներ այսօրվա դրությամբ բնակվում են 6 և կես միլիոն տներում և չեն վճարել վարձը: 3 միլիոն 600 հազար ամերիկացիներ կարող են տներից վտարվել առաջիկա երկու ամսում:
Տների և բնակարանների սեփականատերերը դեմ են վտարելու արգելքին, քանի որ առանց եկամուտի չեն կարող հոգալ հիփոթեքի, հարկերի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Կոնգրեսը 47 միլիարդ դոլար է հատկացրել համավարակի ժամանակաշրջանում բնակարանաշինության դաշնային ծրագրերին, բայց նահանգները և տեղական իշխանություններն ընդամենը 3 միլիարդ դոլար են տրամադրեել վարձակալներին և սեփականատերերին: