Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները հանդիպել են բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայայի հետ:
Տիմանովսկայան օգնություն է խնդրել միջազգային կազմակերպություններից: Վազորդուհին ասել է, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն և փորձել բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ` մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով:
Ըստ 24-ամյա մարզուհու՝ ազգային թիմում իր թիմակիցները որակազրկվել են 4×400 փոխանցումավազքից՝ անհրաժեշտ դոպինգ թեստերի բացակայության պատճառով: Մարզչական շտաբը որոշել է ներգրավել Տիմանովսկայային: Նա խիստ քննադատել է այդ որոշումը սոցիալական ցանցերում՝ ասելով, որ փոխանցումավազքն իր պրոֆիլը չէ: Դրանից հետո բելառուսական թիմի ղեկավարությունը որոշել է զրկել նրան ելույթներից և տուն վերադարձնել՝ «հուզական և հոգեբանական վիճակի պատճառով»:
Այսօր մարզուհին պետք է մասնակցեր Օլիմպիադայի 200 մետր վազքի մրցումներին: Այժմ, սակայն, Տիմանովսկայան Տոկիոյի օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում է, իսկ նրա հետագա ճակատագիրը դեռ հարցականի տակ է: Բելառուսցի մարզուհին չի բացառել, որ ապաստան կխնդրի եվրոպական որևէ երկրում, ենթադրաբար՝ Գերմանիայում կամ Ավստրիայում: Չեխիան արդեն վիզա է առաջարկել Քրիստինա Տիմանովսկայային: