Հայ-ադրբեջանական սահմանազատում ու ԼՂ հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն. Փաշինյանը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորելով վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին:

«ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում», – ասված է Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Փաշինյանն անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button