Մեծագույն խնդիրն է՝ ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:

«Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը արձանագրել է, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ:

«Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:

Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակագի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

«Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ», — նշել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ կա պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ և դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ:

«Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել», — ասել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային: «Նախընտրական շրջանում ես էլի մի քանի անգամ ասել եմ, որ սա մեր օրակարագն է: Եվ դուք հիշում եք այդ, այսպես ասած, «սարսափազդու» փաստաթղթի արտահոսքի պայմաններում և օրերին կառավարության նիստում ես հայտարարեցի, որ մենք ընդունում ենք այդ օրակարգը և ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ:

Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button