Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Մյասնիկովիչի ուղերձում մասնավորապես ասված է.- «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Ձեր կառավարման և միջազգային հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները հանդիսանում են ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության»:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց երեկ. ըստ Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում […] խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Օգոստոսի 2-ին կայացավ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը: