Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվեց փոխվարչապետ:
Նախագահը նաև նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել, այսպիսով Կարեն Անդրեասյանը նշանակվեց արդարադատության, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների, Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Անդրանիկ Փիլոյանը՝ արտակարգ իրավիճակների, Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարարներ:
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։
Արդարադատության նախարարի պարտականությունները մինչ այս կատարում էր Ռուստամ Բադասյանը, իսկ Ֆինանսների նախարարինը՝ Ատոմ Ջանջուղազյանը։
Ազգային ժողովի կազմավորմանը զուգահեռ ձևավորվում է նաև կառավարությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանի առաջարկով երեկ Սուրեն Պապիկյանին նշանակեց փոխվարչապետ, Արշակ Կարապետյանին՝ պաշտպանության նախարար, Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ Գնել Սանոսյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, Նարեկ Մկրտչյանին՝ սոցապ նախարար։