Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է՝ Ֆինանսների նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:

Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և գնահատանքի է արժանի:

Ոլորտում կան շատ կարևոր հարցեր, ասել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ դրանց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են և պետք է մտածել նաև հետագա անելիքների մասին: Վարչապետը երկու ուղղություն է առանձնացրել։

«Առաջինը՝ պետական գնումների համակարգի շարունակական լավարկումն է, որովհետև այդտեղ մենք երկու կարևոր խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որպեսզի մեր նպատակները, ընդունված ծրագրերը կարողանանք արդյունավետ կերպով և հնարավորինս օպերատիվ և որակով իրականացնել: Մյուսը՝ այնպես անել, որ այս նպատակադրումը ներդրումների, պետական ներդրումների և մասնավորապես՝ կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա։ Երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքի կառավարման հարցն է: Եվ եթե մի քիչ ավելի կոնկրետացնեմ՝ մեր ֆիսկալ տարածքների ավելի արդյունավետ կառավարման հարցն է, որը նույնպես պարզ հարց չէ: Այստեղ էլ լրջագույն անելիքներ ունենք: Իհարկե, շատ լրջագույն անելիքներ արված են, բայց մենք այստեղ, կարծում եմ, դեռևս չենք կարողացել հասնել ճշգրիտ բալանսների: Չգիտեմ էլ, դա ընդհանրապես հնարավոր է, թե չէ, բայց այնուամենայնիվ հարցը՝ որպես օրակարգային, պիտի ձևակերպվի»,-նշել է վարչապետ Փաշինյանը:

Խոսելով հարկային քաղաքականության ոլորտում վերջին երեք տարիներին իրականացված էական փոփոխությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այստեղ էլ առաջիկայում լուրջ անելիքներ են սպասվում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Տիգրան Խաչատրյանին. «Դուք նույնպես Ֆինանսների նախարարության համար նոր մարդ չեք և ժամանակին աշխատել եք նախարարի տեղակալի կարգավիճակում»:

Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և շնորհակալություն հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ու նախարարության աշխատակազմին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:

Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ գործընկերությամբ առաջիկայում նույնպես նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ:

Տիգրան Խաչատրյանը 2019-ի հունիսից մինչև 2020-ի նոյեմբեր զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, մինչ այդ նա եղել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button