Նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ:
Ըստ նախագահի գրասենյակի՝ Արման Թաթոյանը Արմեն Սարգսյանին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները:
Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ:
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդեց դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այդուհանդերձ, անցած օրերին հրադադարի խախտումները շարունակվում էին, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց նաև անօդաչու թռչող սարքերի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու մասին:
Ադրբեջանը, որպես կանոն, հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, թե հրադադարը խախտում է հայկական կողմը, իսկ իրենք պատասխանում են: