Վճռաբեկը հաստատել է «Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը

Գլխավոր դատախազությունն ստացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով վերաքննիչ դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հուլիսի 30-ի որոշումը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանն իր 2020թ. հունիսի 18-ի. վերոնշյալ որոշմամբ բավարարել էր Քոչարյանի պաշտպանների բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, և, վերացնելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով:

Գլխավոր դատախազն իր բողոքով Վճռաբեկ դատարանից հայցել էր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

«Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ռ. Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ի մասով մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և ամբաստանյալից գտնվում էին ծառայողական կախվածության մեջ, դատավարության մասնակիցների աննախադեպ մեծ քանակը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և գործի բուն քննության ընթացքում նույնպես դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին վկայող տվյալների առկայությունն առանցքային նշանակություն ունեն և հանդիսանում են այնպիսի գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը հատկապես դատավարության տվյալ պահին, երբ գործը դատաքննության փուլ դեռևս չէր անցել և որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել», – նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, անընդունելի է համարել Վերաքննիչի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել:

Հաղորդագրությունում նշված է, որ ըստ Վճռաբեկ դատարանի, Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց:

Չնայած այս և այլ հետևություններին՝ Վճռաբեկը իր որոշմամբ մերժել է գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս որոշմամբ նաև մերժվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button