«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում հաճախացած միջադեպերը Մոսկվային լրջորեն մտահոգում են», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանոտվը։
«Մեզ մտահոգում է հատկապես այն իրողությունը, որ այդ միջադեպերը երկու կողմից էլ ուղեկցվում են զոհերով», – Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով, – «Ցավոք սրտի, չնայած գործադրվող ջանքերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։ Այդ առթիվ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք հղի են իրադրության հետագա վատթարացմամբ», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Բիկանտովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն նպաստել իրադրության կայունացմանը, այդ թվում՝ օժանդակելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկին։
«Այդ քայլերը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և միջհամայնքային երկխոսության խթանման հետ մեկտեղ, կնպաստեն Անդրկովկասի՝ անվտանգության, կայունության և բարգավաճման գոտու վերածվելուն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին համապատասխան», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը։