Բելառուս թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայան այսօր Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև Տոկիոյի օլիմպիադայում տեղի ունեցած սկանդալը երկիրը լքելու որևէ մտադրություն չուներ։ Նրա խոսքով՝ իր այդ որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել հարազատները։
«Իմ ծնողները, տեսնելով այդ ամենը, հանգեցին եզրակացության, որ հայրենիք վերադառնալու դեպքում ես կհայտնվեմ կամ հոգեբուժարանում, կամ էլ բանտում։ Նման նախադեպեր մեր երկրում եղել են», – հայտարարել է Տիմանովսկայան։
Օգոստոսի 1-ին Տիմանովսկայան սոցիալական ցանցերում խստորեն քննադատել էր Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական հավաքականի ղեկավարությանը, որից հետո երկրի իշխանությունները փորձել էին նրան իր կամքին հակառակ վերադարձնել հայրենիք։ Տիմանովսկայան սակայն հրաժարվել էր վերադառնալ Մինսկ՝ լեհական հումանիտար վիզա ստանալով և տեղափոխվելով Վարշավա։