Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել։ Նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» խմբակցությանն է, դրան միացել է նաև «Հայաստան» դաշինքը։
«Արցախում և Հայաստանում ստեղծված օրհասական վիճակը պարզապես թելադրում է մեզ ունենալ երկրորդ հայկական պետության խնդիրներով զբաղվող մշտապես գործող խորհրդարանական միավոր։ Արցախի հետ կապված հարցերը, այդ թվում՝ բանակցային, և նրանց սրությունը կտրուկ ավելացել են», – Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ շարունակելով․ – «Նման հանձնաժողովի ստեղծումը միայն բովանդակային գործառութային նպատակահարմարության հարց չէ, սա նաև հստակ քաղաքական ուղերձ է թե՛ իր ապագայով մտահոգ արցախահայությանը, թե՛ սրտացավ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, թե՛ Ադրբեջանին ու Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը։ Ուղերձ այն մասին, որ հայկական առաջին պետությունն Արցախի մասին չի մոռացել, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերն Արցախից չի լվացել, չի հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»։
7-րդ գումարման Ազգային ժողովում գործում էր 11 մշտական հանձնաժողով։ Նրանց թիվը օրենքով առավելագույնը կարող է հասնել 12 -ի։
Մանրամասներն՝ ավելի ուշ