Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում` համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Նախարարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:
Աշխատանքային այցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև զորամիավորման ենթակա զորամասերում, ծաղիկներ խոնարհել Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծանոթացել ստորաբաժանումների ուսումնական և սոցիալ-կենցաղային պայմաններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել իր արձանագրած բոլոր թերություններն ու բացթողումները։
Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու համար՝ զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է «տագնապ», փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի ավարտին Արշակ Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից մի շարք զինծառայողների պարգևատրել է արժեքավոր նվերներով։