Արման Անտոնյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնեց Մարությանը

Օրերս Կոտայքի մարզի սեփական բնակարանում հարձակման ենթարկված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն, ում վիճակը բժիշկները գնահատում էին ծանր, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այսօր ավագանու նիստի մեկնարկին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երեկ արդեն մենք տեղափոխել ենք իրեն պալատ, ամեն ինչ նորմալ է ընթանում, դինամիկան դրական է այս պահին, կյանքին վտանգ չի սպառնում», – ասաց քաղաքապետն ու դիմեց իրավապահներին․ – «Ես ակնկալում եմ թե՛ իրավապահ մարմիններից, թե՛ դատական համակարգից խստագույն պատիժ նմանօրինակ և նման կերպով իրենց անձնական գործերն առաջ տանող անձերի նկատմամբ։ Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով և նպատակ է ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար»։

Երևանի ավագանու վերջին նիստին ավագանու անդամները հավանություն էին տվել Անտոնյանի առաջարկած նախագծին, ըստ որի Երևանի համայնքային սպորտային 2 կազմակերպություն միացվում է, ստեղծվում է նոր ընդհանուր ՀՕԱԿ, ինչպես նաև սրա արդյունքում Yerevan Velodrome կազմակերպությունը կարող է զրկվել բյուջեով ամեն տարի իրենց հատկացվող մոտ 50 միլիոն դրամից։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Գալջյանը հայտնել էր, որ օոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել նրան։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց, բժիշկներն Անտոնյանի վիճակը գնահատում էին ծանր, նրան միացված էր արհեստական շնչառության սարք։

Հարուցվել է քրեական գործ` բնակարան ապօրինի մուտք գործելու, ծեծի և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձի հոդվածներով։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button