Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։
Ըստ Պաշտպանի գրասենյակի՝ հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
Պատերազմի ավարտից գրեթե 9 ամիս է անցել, սակայն Ադրբեջանում դեռ գերիներ կան, Ադրբեջանը փաստացի չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։
Պատերազմի ավարտից օրեր անց Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարված 64 զինծառայողներից 24-ն են վերադարձել հայրենիք։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, որոշները դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է։ Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք։