Բելառուսի ավտորիտար վարչակազմը պահանջել է Վաշինգոտնից մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը՝ թողնելով ընդամենը հինգ աշխատողի։
Արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե չեղարկում է ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջուլի Ֆիշերին նշանակելու՝ նախկինում տրված համաձայնությունը: Որոշումը փոխանցվել է Բելառուսում ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուբեն Հարությունյանին։
Սա Մինսկի պատասխանն է Վաշինգտոնին, որը նախօրեին՝ Բելառուսում անցկացված վիճահարույց ընտրություններից մեկ տարի անց, խստացրել էր պատժամիջոցները նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների և վարչակազմին «սնող» ընկերությունների նկատմամբ։