Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի արտգործնախարարի պաշտոնում առաջադրել է Հոսեին Ամիրաբդոլահյանին, ով նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը, իսկ այժմ խորհրդարանի խոսնակի օգնականն է՝ միջազգային հարցերով։
Վերջինս հայտնի է Արևմուտքի հանդեպ կոշտ հայացքներով․ ամիսներ առաջ, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, նա Թվիթերում գրել էր՝ ճնշումները չեն կարող ազդել Թեհրանի վրա։ «Իրանը ուժի և սպառնալիքների ներքո չի բանակցի Ամերիկայի հետ», – գրել էր Ամիրաբդոլահյանին։
Խորհրդարանը նոր արտգործնախարարի թեկնածությունը կքննարկի այսօր՝ կառավարության մյուս անդամների հետ մեկտեղ։ Եթե Ամիրաբդոլահյանը հաստատվի այդ պաշտոնում, նրա օրակարգի գլխավոր հարցերից մեկն է լինելու բանակցությունները վեց գերտերությունների հետ՝ 2015-ին ստորագրված միջուկային գործարքը վերականգնելու շուրջ, որից Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս էր եկել 3 տարի առաջ՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։