Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե հետաքննություն է իրականացնում երկու օր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության շուրջ, որը Ղարաբաղում հրադադարի խախտման թերևս ամենալուրջ միջադեպն էր նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններից ի վեր։
«Օգոստոսի 9-ին Շուշա բնակավայրի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ռուս խաղաղապահների ջանքերով կրակը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հետ», – հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։