Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հայկական կողմի գերիների վերադարձի ու անհայտ կորածների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսի կազմակերպած քննարկմանը:
Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ քննարկման մասնակիցների թվում էր նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի Մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. ՄըքԴդոնելը:
«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», – քննարկման ժամանակ ընդգծել է Թաթոյանը:
Պատերազմի ավարտից գրեթե 9 ամիս է անցել, սակայն Ադրբեջանում դեռ գերիներ կան, Ադրբեջանը փաստացի չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։
Պատերազմի ավարտից օրեր անց Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարված 64 զինծառայողներից 24-ն են վերադարձել հայրենիք։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, ոմանք դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է։ Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը: