Չեխիայի և Լեհաստանի վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին

Չեխիայի և Լեհաստանի վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի ուղերձում մասնավորապես ասված է. – «Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը, և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին»:

Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին իր ուղերձում մասնավորապես գրել է. – «Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարևոր է խաղաղության պահպանումը, ինչպես նաև Ձեր կառավարության կողմից նախաձեռնված ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հնարավորությունը: Այդ գործընթացում էական է ընդգծել Եվրոպական միության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ակտիվ գործողությունների իրականացումը՝ հիմնվելով ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), ինչպես նաև Արևելյան գործընկերության ծրագրերի վրա: Այս գործիքակազմերը լայն հնարավորություններ են ընձեռում ինչպես եվրոպական հանրության՝ որպես ամբողջական ուժի, այնպես էլ առանձին ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման համար»:

«Լեհաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության և համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել», – նաև գրել է Մորավեցկին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button