Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հեյկո Մաասն այսօր ասել է, որ Բեռլինը կդադարեցնի ֆինանսական աջակցության տրամադրումն Աֆղանստանին այն դեպքում, եթե այդ երկրում իշխանությունը զավթեն «Թալիբան» շարժման զինյալները:
«Թալիբները գիտեն, որ առանց արտաքին օգնության երկիրը չի դիմանա», – ասել է նախարար Մաասը:
Այսօրվա դրությամբ Գերմանիան տարեկան 430 միլիոն եվրո է տրամադրում Աֆղանստանին և հանդիսանում է այդ երկրի ամենախոշոր դոնորներից մեկը:
Իրավիճակն Աֆղանստանում վերջին շաբաթներին խիստ սրվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է դուրս բերել ամերիկյան բանակի ստորաբաժանումները:
Կարճ ժամանակաշրջանում թալիբները գրավել են մեծ թվով շրջաններ: Փորձագետները չեն բացառում, որ թալիբները մի քանի ամսում կարող են գրավել նաև մայրաքաղաք Քաբուլը: