Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, հայտնում է Արցախի ռազմական գերատեսչությունը։
«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան», – ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության բանակը նշում է, որ ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
Երեկ էլ, հիշեցնենք, Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր Շոշ-Մխիթարաշեն հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին: