ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի Վրաստանում անցկացրած հարցման արդյունքների համաձայն, այդ երկրի բնակիչների շուրջ կեսը՝ 47 տոկոսը, չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Ըստ հարցման, 35 տոկոսն ունի պատվաստվելու ցանկություն, 7 տոկոսը հայտնել է, որ արդեն պատվաստվել է, 11 տոկոսը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել:
Վակցինան մերժողների 20 տոկոսը նշել է, որ չի վստահում դրա որակին, 13 տոկոսն ասել է, որ առանց վակցինայի կապաքինվի, 7 տոկոսը պնդել է, որ պատվաստումն «ուրիշ նպատակներ է հետապնդում», 2 տոկոսն էլ ասել է, որ սկզբունքորեն դեմ է պատվաստվելու գաղափարին:
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվելու առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Վերջին օրերին վարակի տարածումը շեշտակի աճել է: Երեքշաբթի օրը գրանցվել է 5 հազար 697 ախտահարում, մահացել է 54 մարդ:
Համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում ախտահարվել է 466 հազար 198 մարդ, մահացել է 6 հազար 279 հիվանդ: