Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդումը հրադադարի խախտման մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում», – ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար», – շեշտում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով», – նաև ասված է հաղորդագրությունում: