Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Արցախի Պաշտպանության բանակը խախտել է հրադադարը:
Հաղորդագրության համաձայն, այս գիշեր՝ ժամը 2:30, «հրաձգային զենքից գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական բանակի դիրքերը Ֆիզուլիի շրջանի Յուխարի Վեյսելի, Խոջալուի շրջանի Սղնախ բնակավայրերում և Շուշիի մերձակայքում»: «Այդ ուղղություններով կրակը վարվել է ապօրինի հայկական ջոկատների կողմից, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները», – հայտարարում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Հիշեցնենք, Արցախում հրադադարի ռեժիմի դիտարկում են իրականացնում ռուս խաղաղապահները՝ թուրք զինվորականների հետ համատեղ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաստատել է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման փաստը՝ պաշտոնապես արձանագրելով, որ Ադրբեջանի զինուժը օգոստոսի 11-ին հարվածային անօդաչու թռչող սարքերով երկու հարված է հասցրել «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքին»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է նաև երեկ երեկոյան «Գորիսի շրջանի Խազինավար» [ըստ երևույթին՝ Սյունիքի մարզի Խոզնավար] բնակավայրի դիրքերից Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից «Լաչինի շրջանի Ղառըղշլաղ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու» մասին:
Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունները սահմանին ու շփման գծում իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն այսօր դեռևս չեն տարածել: