Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված ծավալուն հարցազրույցում։
«Սակայն մենք մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից։ Ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ էլ դեմ է դրան։ Ես ասել եմ, որ դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին։ Եթե նրանք դեմ են դրան, թող բաց ասեն, որ չեն ցանկանում խաղաղ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում մենք մեր քաղաքականությունը կվարենք ըստ դրա», – շարունակել է Ալիևը։
Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «այդժամ, իհարկե, տարածաշրջան կգա երկարատև խաղաղությունը», հարցազրույցում, որի տեքստն ամբողջությամբ ռուսերեն թարգմանաբար ներկայացրել է APA լրատվական գործակալությունը, վստահեցրել է Ադրբեջանի նախագահը։
«Մենք դա ցանկանում ենք։ Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար այժմ սեղանին են կոնկրետ առաջարկներ՝ ճանապարհների բացում, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, բոլոր առևտրական կապերի վերականգնում։ Այսինքն, տևական ընդմիջումից հետո խաղաղության ապահովումը Հարավային Կովկասում համապատասխանում է մեր շահերին։ Համարում եմ, որ դա համապատասխանում է նաև Հայաստանի շահերին։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը կծառայի նաև նրանց շահերին։ Նրանք կարող են երկաթուղային հաղորդակցություն հաստատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Այսօրվա դրությամբ նման կապ չկա, և նոր հնարավորություններ ի հայտ կգան նաև նրանց համար», – ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի վկայությամբ՝ Հայաստանը մինչև վերջերս առարկում էր «Զանգեզուրի միջանցքի» բացման դեմ, «ուղղակի օրեր առաջ այնտեղ ի հայտ եկավ դրական կարծիք, որ նրանք ևս չեն առարկում»։ «Սակայն Զանգեզուրի միջանցքի լիակատար գործառնության համար պետք է լինի թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ», – պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե իրենց ներմուծած «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն «արդեն մտել է միջազգային բառապաշար», և հավաստիացնելով, թե Եվրամիությունն էլ է «շատ դրական վերաբերվում այդ հարցին»։
Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու», խոսքը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման մասին է։
Մանրամասները տե՛ս այստեղ