Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել․ ՊՆ

Loading...

Այսօր, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Հիշեցնենք, այսօր Պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել էր, որ Երասխի հատվածում, 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Նշենք, որ ադրբեջանական կողմը հերքում է իր մեղսակցությունը հայ զինծառայողի մահվանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Նախարարությունը նշել էր, որ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Պաշտոնական Բաքուն զոհված զինծառայողի լուրը չէր հասատատել, սակայն հաղորդել էր հրադադարի խախտման մասին սահմանի Նախիջևանի հատվածում`պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:

«Օգոստոսի 16 ի առավոտյան հայկական դիրքերից կրակ է բացվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ, ադրբեջանական կողմում զոհեր ու վիրավորներ չկան», — հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button