Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել. Գրիգորյանը՝ Բուստիժոյին

Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել, այսօր Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրներին, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները:

«Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա», – ասաց Գրիգորյանը՝ շարունակելով՝ Հայաստանը մեծապես գնահատում է 2020-ի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը:

«Երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով․ – «Այսօրվա հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրեցիք, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են»։

Ուրուգվայի արտգործնախարարն այսօր է ժամանել Հայաստան։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button