Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 14։45-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչությունից հայտնում են նաև, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
«Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժի դիպուկահարի կրակոցից սպանվել է Երասխի հատվածում ծառայություն իրականացնող 45-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը, ավելի ուշ նախարարությունը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի, փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա շարքային Արման Հակոբյանը: