Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն այցելել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հանդիպել տեղի իշխանությունների հետ, քննարկել Վաշինգտոնի հետ համագործակցության ծրագրերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Այցը տեղի է ունեցել Նախիջևանի և Հայաստանի սահմանին սրված իրավիճակի ֆոնին:
Երեկ, հիշեցնենք, սահմանի Երասխի հատվածում կրակոցներից մահացու վիրավորում է ստացել 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:
Պաշտոնական Բաքուն էլ նախօրեին կրկին պնդել է, թե հայկական կողմը Վեդիում տեղակայված դիրքերից կրակ է բացել Սադարակի շրջանի բնակավայրերի ուղղությամբ: «Զոհեր ու վիրավորներ չկան», – հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: